ՎԵՐՋԱԼՈԻՅՍԻՆ Բարակ ամպերը մաղում են ոսկի, Ջրերը անուշ հեքիաթ են ասում. Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի, Հոգնատանջ հոգիս բախտ է երազում... Լռին դաշտերի հանգիստը խոսուն Մի հեզ տխրության լույս է ըստվերում. Խաղաղ ջրերի վճիտ ալմասում Դողում է ոսկե ամպերի հեռուն։ Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ, Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում. Մեկը այնտեղ իր հեռուն է վառել, Որպես երկինքը ջրի ալմասում։ Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր, Քո վիշտն է փռված անհուն աշխարհում, Քո սերն է վառված, և՛ պայծառ, և՛ խոր, Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում...
|