Пятница, 2024-03-29,4:05 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

Որ դերասանին եք նախնտրում
Всего ответов: 478




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » Գրականություն » Վահան Տերյան

    Վահան Տերյանի կենսագրությունը
    Վահան Տերյանի կենսագրությունը

    Վահան Տերյանը XX դարի սկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը: 
    Տերյանն առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության 
    վանկաշեշտային համակարգը:

    Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1910–12 թթ-ին Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը (3 հատոր), 1912 թ-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը:
    1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան...» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից: 
    1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք: 
    1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 
    1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):
    1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը: 
    Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «...Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: 
    «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն).

    Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
    Դարձի՜ր իմ մոտ, վերադարձի՜ր դու նորից,–
    Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
    Չի կամենալ նա վերստին քեզ տանջել...

    Հետագա՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Փշե պսակ», «Վերադարձ», «Կատվի դրախտ», «Ոսկե շղթա» շարքերում, որոնք «Մթնշաղի անուրջների» հետ ամփոփվել են «Բանաստեղծությունների» առաջին հատորում (1912 թ.), Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշուն», «Չգիտեմ այս տխուր աշխարհում...», «Շշուկ ու շրշյուն» և այլն):
    Տերյանը բողոքում է ապականված աշխարհի դեմ, որտեղ «անհաս ցնորք» կինը գնվում է ոսկով («Ինձ չես սիրում»), քաղքենի տաղտուկի մեջ փշրվում են մարդու երազանքները («Կարուսել»): Բանաստեղծն ստեղծում է սիրո և գեղեցկության իր իդեալը՝ որպես փարոս կյանքի մթին ուղիներում.

    Ե՜վ տանջանք, և՜ բեկում, և՜ թախիծ –
    Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ.
    Անունդ թող փարոս լինի ինձ
    Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

    «Բյուր մարդոց մեջ» միայնության զգացումով տառապող բանաստեղծը փայփայում է պայծառ հույսեր, երազում դյութական մի հովիտ, ուրիշ մի աշխարհ («Արևածագ», «Վերադարձ» և այլն):
    «Երկիր Նաիրի» (1915–17 թթ.) շարքում բանաստեղծը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին, ստեղծել է ուրույն փիլիսոփայություն Հայաստանի հոգևոր հարստության, անցյալի, ներկայի և գալիքի մասին: «Մի՞թե վերջին պոետն եմ ես...» բանաստեղծության մեջ, երգելով իր պայծառ Նաիրին, նրա բոցե վարդերը, աղոթքի պես հնչող արքայական լեզուն, Տերյանը տագնապում է հայրենիքի վաղվա օրվա համար.

    Ահով ահա կանչում եմ քեզ՝
    Ցոլա՜, ցնորք Նաիրի.–
    Մի՞թե վերջին պոետն եմ ես,
    Վերջին երգիչն իմ երկրի...

    1918 թ-ին Տերյանը շրջել է Հյուսիսային Կովկասի քաղաքներում, սատարել եղեռնապուրծ հայ գաղթականությանը, գրել հոգեցունց բանաստեղծություններ («Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ...», «Հայրենիքում իմ արնաներկ» և այլն), ողբացել հազարամյակների խորքից եկած, ուղեմոլոր, հուսահատ ու վիրավոր իր ժողովրդի անամոք վիշտը:
    Այդուհանդերձ, նա հույսով ու հավատով է նայում գալիքին.

    Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
    Հավատում է դեռ քո առավոտին:

    Տերյանը կատարելության է հասցրել հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյունական կազմություն, շարունակել հայ պոեզիայում հազարամյա պատմություն ունեցող բաղաձայնույթի (ալիտերացիա) և նմանաձայնության ավանդույթը, առաջինն է գրել սոնետ և  տրիոլետ, զարգացրել գազելը (բանաստեղծության ձևեր են): Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:
    Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են  նամակները:
    Երևանում գործում է «Տերյան մշակութային կենտրոնը», որի ջանքերով լույս է ընծայվել Տերյանի բանաստեղծությունների «Ընտրանին» (2005 թ.) և «Տերյան. հանրագիտարանը» (2010 թ.): Տերյանի բանաստեղծությունների խոսքերով գրել են բազմաթիվ երգեր (Նիկոլ Գալանդերյան, Էդգար Հովհաննիսյան և ուրիշներ):
    Երևանում, ՀՀ այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Տերյանի անունով կոչվել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցվել են հուշարձաններ: Գանձայում 1957 թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: Ամեն տարի հուլիսին նրա ծննդավայրում տեղի են ունենում Տերյանական պոեզիայի օրեր: 

       «Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ 
    ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է»:
       «Մշակույթը որպես սերնդից սերունդ փոխանցվող մի բան՝ իր մեջ պարունակում է ազգային բոլոր գծերը»:
       «Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը»:
       «Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»:
       «Կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ»:
    Վահան Տերյան
      
    «...Եվ նորից կզգանք, որ 
    մեր սրտին դու մո՛տ ես
    Մորմոքող հրի պես մեր 
    հիվանդ արյան,
    Որ լուսե երգին քո մեր 
    հոգին կարոտ է,
    Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛, 
    Վահան Տերյան...»:
    Եղիշե Չարենց, 
    բանաստեղծ

       «Տերյանը .... ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար...»:
    Պարույր Սևակ, 
    բանաստեղծ
      
       «Նա (Տերյանը) մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն .... Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:
    Ավետիք Իսահակյան, 
    բանաստեղծ

       «Նա (Տերյանը) հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթմեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:
    Վալերի Բրյուսով, 
    ռուս գրականագետ, թարգմանիչ
    Категория: Վահան Տերյան | Добавил: ArMen (2012-05-24)
    Просмотров: 2907 | Комментарии: 3 | Рейтинг: 5.0/2
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх