ՃԱՄՓԱԲԱԺԱՆ Կանգնած եմ նորից ահեղ անտառում Ճանապարհների բաժանումի մոտ. Հանգչում են վերջին կրակներն աղոտ, Ու մութն է կրկին իջնում ու փռվում... Անցած օրերըս շարքերով դալուկ Շողում են ահա և անհետանում. Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. — Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։ Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ, Հազար ձայներով անտառն է խոսում, Ես ուղիների լաբիրինթոսում, Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։ Կանգնած եմ նորից ահեղ անտառում Մութ ուղիների բաժանումի մոտ. Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն, Այրում է հոգիս, անհուն մի կարոտ...
|