Դու մեր մեծ երթի գավազանակիր Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան, Մեր ազնըվության գովասանագիր, Մեր մտքի պահեստ, հոգու օթևան: Անցյալին պարզված դու մեր լսափող, Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված: Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով, Նարեկացիով օծված ու յուղված: Դաժան դարերի ամե՛ն մի ժամին Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին: Բարդելով վերքին վերք ու անարգանք, Հեծության վրա մի նոր հեծություն՝ Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք, Խլել է մեզնից փառք ու մեծություն, Խլել է կյանքը մեր և... կյա՜նքից էլ թանկ՝ Մեր հո՛ղը, հո՛ղը, Մեր սուրբ հայրենի՜ն: Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին: Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ, Բայց և... դարավոր բնիկ վայրերի Կորըստի լեղի կարո՜տն է քսել, Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի Արցու՛նքը, սակայն... և արյու՛նը սև, Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից, - Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով, Մեր հայրենահամ անուշ բարբառով: Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին: Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել, Հատել է ականջ ու ոտնաթաթեր, Աչքեր է հանել դաշյունով իր սուր, Կտրել է նաև արմատից լեզուն, Եվ սակայն... իզու՜ր. Չի՛ հատվել լեզուն, Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ... Քե՛զ՝ մեր հայկական և արամական, Չկարողացան քեզ խլել մեզնից, Ո՛չ խարդավանքով արամեական, Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ, Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով, Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ, Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով, Ո՜չ ճշմարտությամբ, Ո՜չ էլ ստերով:
Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել: Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ, Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել, Ինչպես չեն կարող խլել մի դրոշ, Որ հազարամյա դաժան մարտերում Փողփողացել է միշտ էլ... սրտերու՜մ:
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող, Ագահ կոկորդում դու խոր ես խրվում: Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող, Ինչպես երկինքը երբեք չի փլվում: Չե՜ս խլվի երբեք, Չե՜ս փլվի երբեք, Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...
Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի, Որ քեզ կամենա գողանալ մեզնից (Մի՛ ասա <<մեզնից>>, <<աշխարհի՛ց>> ասա). Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու, Այլև մասու՜նք ես, Մասու՜նք ես մի սուրբ, Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝ Դարերի խորքից դարերին հասած:
Մասու՞նք: Ինչպե՞ս թե: Մասունքըս ո՜րն է: Մասունքի տեղը տուփն է կամ հորն է: Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես, Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես, Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես, Շատերի մեջ ես, բայց պետական ես, Եվ դրանով իսկ դու պետքական ես Այն պետությանը, որ վաղը պիտի Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...