Դու օտա՞ր չես, չէ՞: Բայց ի՞մն էլ չես, հա՞… Դու՝ վաղընջական հինավուրց բագին՝ Փակ շրթունքներով ու բաց աչքերով: Ես՝ մի հեթանոս՝ առայսօր ծպտյալ: Դու՝ հավերժաբուխ աղբյուր տասնակունք, Քո ամեն մատից՝ մի ակըն ցայտիչ: Իմ թաց աչքերի երկու ափերով՝ Եղեգնիկներով իմ թարթիչների, Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ: Անշարժությունը քո պիրկ ոտների Դարձընում է ինձ մի խոյ օրուկված, Որ պտտվում է չորսբոլորքը քո Ողջ շառավիղով իր ոտնակապի: Նա արածում է այն, ինչ աճում է Իր ոտների տակ և քո շուրջբոլոր, Բայց որոճում է… միայն քե՜զ ու քե՜զ Ու բառաչում է… միայն քե՜զ համար: Քո ստինքները՝ պարսատիկի պես, Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ, Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո Կաղապար դարձան… սկիհի՜ համար: Թվում է, թե քո շրթունքներն փակ Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն, Երբ ասում եմ քեզ, որ հետագայում Քեզ գրկել տվին մի… թո՜ւխ մանուկի: բայց ամեն անգամ խաղաղվում ես դու, Երբ բաց աչքերիս երկու ափերով՝ Եղեգնիկներով իմ թարթիչների, Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ: Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ, Երբ սկսվում է նո՜ր դարագլուխ, ջանում եմ մի կերպ խուսափել քեզնից, Իսկ դարագլխի ավարտի վրա՝ Ինքնակամորեն քե՜զ վերադառնում: Անտեսանելի վերջի՜դ ժամանակ, Անտեսանելի սկզբի՜ս պահին Հանդիպում ենք մենք ու… տրվում իրար: Եվ չե՜ն տեսնում մեզ… չի տենսում նույնիսկ Ո՛չ պատվանդանըդ, Ո՛չ կոշկատակըս… Դու դիցուհի՞ ես: Բայց և ի՜մն ես դու…
|