Լ. Զ.-ին
Մանոն Լեսկոն, այդ կինն անմեղ,
Ո՛չ թե սիրով, այլ լոկ ոսկով,
Միայն մարմնով, միայն «այնպես»
Տրվեց մարդկանց այն պիղծ, այն կեղծ,
Երբ ասպետից իր բաժանվեց —
Մանոն Լեսկոն։—
Բայց միշտ գերի սիրույն այն վեհ՝
Սրտո՛վ մաքուր,— և ո՛չ ոսկով,—
Իր ասպետի՛ն սիրեց հավետ,—
Եվ ուրիշի մահճում անգամ
Իր ասպետից չըբաժանվեց...
Եվ մնաց սուրբ, մնաց անեղծ
Մանոն Լեսկոն։
ԷՊԻՏԱՖԻԱ
Աստ՝ Կոմիտասն է հանգչում՝ իբրև հող և աճյուն առհավետ։
Սիրտ մոխրացած, դարձած հող՝ երբեմնի անոթ ձայնածին։
Ա՛յր մահացու՝ աշխարհում նա եղել է դպիր, վարդապետ:
Այր մշտատև՝ ձայնապետ — ձայների արքա— ձայնագիր։
* * *
Չնչին, ինչպես Արարատին նետած քար՝
Դավերը սև մարդուկների այդ անկար—
Օ, չըհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում համայնացած քո կամքով —
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար...