Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբեք, երբե՛ք ինձ չես ժպտացել—
Քո ժպիտն անգամ ցա՛վ է թվացել
Իմ հոգուն տկար...
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր —
Դու չեկար, չեկար,—
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի...
Օտա՜ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր—
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի,—
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,
Որ քո կույս հոգին իմի հետ ցավի...
Ու ես չեմ հիշում, թե ի՞նչպես մի օր —
Օտար, անմեկին —
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին...
Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՛ր լինի:—
Չէ՜ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև գմա ես չեմ մոռացել...
Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չէ՞ որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել.—
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,
Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի...
Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ա՛խ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար...
Դրա համա՞ր ես դու այստեղ եկել
Օ, նենգոտ տեսիլ...
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել...
Օ, զզվելի՛ կին,—
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս—
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս...
Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան —
Եվ ես կորցրի երազի ճամփան...
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում:—
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար...
Երկա՜ր քայլեցի.
Եվ իմ դեմ ահա — մի երկա՜ր փողոց:
Հեռևում1 — դեղին, տարտամ2 կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՜ն լուր բերին...
Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ —
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...
Ու... այս եմ հիշում՝
Մի հին անկողին — թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ...
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի,—
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՛, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի —
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի...
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ,—
Ուզում եմ քնեմ — ա՜խ, ինչպե՞ս քնեմ...
3. ՄԵՌԵԼՈՑ
Երեկոն անձրևոտ էր ու թաց:
Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:
Ու գիշերը իջնում էր մթին.
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:
Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:
Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ...