Суббота, 2024-04-20,0:02 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

Оцените мой сайт
Всего ответов: 517




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » ASTXAGITUTYUN

    Համաստեղություններ
    Համաստեղություններ



    Եթե գիշերը նայեք երկնքին, այնտեղ անպայման կտարբերեք հատկապես պայծառ աստղերի խմբեր, որոնք կազմում են որոշակի պատկերներ: Հազարամյակների ընթացքում մարդիկ այդ խմբերին տվել են անուններ: Այդ աստղերի առանձին խմբերը կոչվում են համաստեղություններ կամ, ինչպես անցյալում են ասել, աստեղատներ: Դրանց մի մասին անուններ տվել են հույները՝ 2000 տարի առաջ, ապա՝ նաև հնդիկ և արաբ աստղագետները: Հայկական լեռնաշխարհի բնակիչներն աստղային երկնքով հետաքրքրվել են վաղ անցյալում. այդ են վկայում համաստեղությունների՝ Հայաստանում հայտնաբերված ավելի քան 3 հազարամյակի վաղեմության բազմաթիվ ժայռապատկերներ: Պարզվել է, որ Սիսիանից 3 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջի վերջերս բացահայտված  աստղադիտարանում, որտեղ դիտակները հատուկ անցքերով քարեր են, դիտարկումներ են արվել դեռևս 7–8 հզ. տարի առաջ:
    Ներկայումս երկնակամարում ճանաչված է 88 համաստեղություն: Նրանց անուններ են տրվել երկնքում այս կամ այն աստղը հեշտությամբ գտնելու նպատակով: Երկրից դիտելիս թվում է, թե համաստեղության աստղերն իրար մոտ են գտնվում, սակայն իրականում նրանց միջև հսկայական տարածություններ կան: Կա միջազգային համաձայնություն, ըստ որի՝ աստղագետները պայմանավորվածություն ունեն համաստեղությունների թվացյալ սահմանների և նրանց պաշտոնական անվանումների վերաբերյալ: Հնում համաստեղություններին տալիս էին կենդանիների, օրինակ՝ Առյուծ (Leo), Կարապ (Cygnus), կամ հին հունական առասպելների հերոսների, օրինակ՝ Պերսևս (Perseus), Անդրոմեդա (Andromeda), անուններ: Վերջերս տրված անվանումներից են՝ Օկտանտ (Octans), Ժամացույց (Horologium) և այլն:
    Թե հատկապես ո՞ր համաստեղությունները կարող ենք տեսնել աստղային երկնքում, կախված է տարվա եղանակից, գիշերվա ժամից և դիտման վայրից: Հյուսիսային կիսագնդի բնակչին ավելի հարմար է աստղային երկինքը դիտել ձմեռային երեկոներին: Օրիոն (Orion) կամ Որսորդ համաստեղությունում կան շարք կազմած և Օրիոնի գոտի կոչվող 3 շատ պայծառ աստղեր, որոնց մոտ են գտնվում Ցուլ (Taurus) և Երկվորյակներ (Gemini) համաստեղությունները: Ամառային երեկոներին լավ տեսանելի են Արծիվ (Aquila), Կարապ (Cygnus) և Քնար (Lira) համաստեղությունների 3 պայծառ աստղերը, որոնք, ասես, կազմում են հսկայական եռանկյուն: Այդ 3 աստղերը ձեզ կօգնեն գտնելու մի քանի այլ համաստեղություններ ևս: Հարավային կիսագնդում տեսանելի են բոլորովին այլ համաստեղություններ, օրինակ՝ Հարավային Խաչը (Crux Australis) և Կենտավրոսը (Centaurus):
    Մեր նախնիները համաստեղություններին տվել են նաև այլ անուններ. օրինակ՝ Օրիոնը կոչել են Հայկ Նահապետի, Հերկուլես համաստեղությունը՝ Վիշապաքաղ Վահագնի (կայծակի ու ամպրոպի աստված) անուններով: Մեծ Արջն անվանել են Եզներ, Սայլ, Շերեփ:


    Կենդանաշրջան կամ Կենդանակերպ   
    (հունարեն՝ Զոոդիակոս)

    Արեգակի վառ լույսի պատճառով ցերեկն աստղերը չեն երևում: Սակայն եթե հնարավոր լիներ աստղերը դիտել ցերեկը, ապա մենք կտեսնեինք, թե ինչպես է Արեգակը դանդաղորեն «շարժվում» որոշակի աստղային խմբերի միջով, և նրա տեսանելի տարեկան երկնային ուղին՝ Խավարածիրը, ընկած է համաստեղությունների մի գոտու՝ Կենդանաշրջանի կամ Կենդանակերպի ներսում: Իրականում Արեգակը շարժվում է համաստեղությունների ֆոնի վրա, և մեծ հեռավորության պատճառով մեզ թվում է, թե շարժվում է Կենդանաշրջանի ներսում: Հին հույներն այդ գոտին բաժանել են 12 հավասար հատվածների, դրանք նշանակել Կենդանակերպի նշաններով և անվանել Ձկներ, Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս: Պատմականորեն Կենդանաշրջանի համաստեղությունների նշաններն ունեն գարնանային (Խոյ) ու աշնանային (Կշեռք) գիշերահավասարների կետերը և ամառային (Խեցգետին) ու ձմեռային (Այծեղջյուր) արևադարձերի կետերը, չնայած պրեցեսիայի հետևանքով դրանք այժմ տեղաշարժված են: 
    Գլխավոր համաստեղությունները զանազանելը հատկապես կարևոր է նավաստիների, օդաչուների, երկրաբանների և ճանապարհորդների համար, որովհետև գիշերն անծանոթ տեղանքում դա կօգնի կողմնորոշվելու և գտնելու ճիշտ ճանապարհը: Եթե մենք գտնվում ենք Հարավային կիսագնդում, ապա կարող ենք կողմնորոշվել Հարավային Խաչ համաստեղությունով: Այն ունի խաչի ձև և միշտ ցույց է տալիս հարավը. այսինքն՝ եթե մենք դեմքով կանգնենք դեպի այդ համաստեղությունը, ապա կնայենք հարավ, հետևաբար՝ մեզնից աջ կգտնվի արևմուտքը, ձախ՝ արևելքը, հետևում՝ հյուսիսը:
    Հյուսիսային կիսագնդում կարող ենք կողմնորոշվել Մեծ Արջի համաստեղության Բևեռային աստղով, որը միշտ ցույց է տալիս հյուսիսը, եթե դեպի այն կանգնած ենք դեմքով: Այս դեպքում մեզնից աջ կգտնվի արևելքը, ձախ՝ արևմուտքը, հետևում՝ հարավը:
    Категория: ASTXAGITUTYUN | Добавил: ArMen (2012-01-24)
    Просмотров: 3201 | Рейтинг: 3.4/10
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх