Թուրքիայի Պետական վերահսկիչ վարչությունը (ՊՎՎ) ավարտել է իր զեկույցը Հրանտ Դինքի սպանության գործով: Դրանում ասվում է, որ վարչությունը սխալներ է գտել պետական ծառայողների հարցաքննությունների մեջ, ինչը անբարենպաստ է անդրադարձել ամբողջ հետաքննության արդյունավետության վրա, տեղեկացնում է Hurriyet–ը:
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Պետական վերահսկիչ վարչությանը հանձնարարել էր ուսումնասիրել Դինքի սպանության գործը այն բանից հետո, երբ Դինքի ընտանիքի փաստաբանները հայտարարել էին, որ դատավարությունը հավուր պատշաճի չի անցկացվում:
Զեկույցում ասվում է, որ դատավարությանը խոչընդոտել են կառուցվածքային ու գործընթացային բարդությունները` չնայած, որ մեղավորները արագորեն ձերբակալվել են:
ՊՎՎ-ի զեկույցում ասված է նաև, որ «ժանդարմերիան ու ոստիկանական հետախուզության միավորումները քայլեր չեն ձեռնարկել Հրանտ Դինքի պաշտպանության ուղղությամբ, չնայած տեղյակ են եղել նրան սպառնացող վտանգին»:
Զեկույցն արձանագրում է, որ Թուրքիա պետությունը չի կարողացել իրականացնել իր պարտավորությունը` պաշտպանել մարդու կյանքը, ինչպես որ սահմանված է Թուրքիայի Սահմանադրության 17-րդ հոդվածով, ինչպես նաև` Մարդու Իրավունքների Եվրոպական կանվեցիայի 2-րդ հոդվածում, որը Թուրքիան ստորագրել է:
Ըստ զեկույցի` պետական ծառայողների կողմից անզգուշության և պաշտոնի չարաշահման գործողությունները` սպանությունից առաջ և հետո, հետաքննության ընթացքում պետք է ներառվեին գործի մեջ` որպես գործոն:
Այսպիսով, ՊՎՎ-ն եզրակացրել է, որ Դինքի սպանության գործը չի բավարարել հանրությանը և հարվածել է ամբողջ պետական ապարատի վստահելիությանը:
Աղբյուրը: tert.am