Հնդկաստանի հարավային Կերալա շրջանում կապիկներին կսովորեցնեն կոկոս հավաքել և նրանցով կփոխարինեն տեղի կոկոս հավաքողներին: Վերջիններս` իրենց ցածր աշխատավարձերից դժգոհ, հրաժարվում են արմավենիներ մագլցելու ռիսկից: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Telegraph-ը:
Ավանդաբար այս գործով են զբաղվել ցածր կաստաների ներկայացուցիչները: Վերջին տարիներին արմավենի մագլցողների թիվը սակայն կտրուկ կրճատվել է. 30-40 ոտնաչափ առանց հատուկ տեխնիկայի մագլցելուց ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հրաժարվում: Սա իր հերթին հանգեցրել է կոկոսի արդյունաբերության անկմանը, ինչն անհանգստացնում է Հնդկաստանի իշխանություններին: 2009-ին նրանք նույնիսկ 1 մլն ռուպի (շուրջ 12 000 ֆունտ), գումար էին առաջարկել նրան, ով «կոկոսի հավաքման մեքենա» կստեղծեր:
Այս նախաձեռնությունը տապալվել է և այժմ Հնդկաստանի իշխանությունները հայացքն ուղղել են մարդկությանը հայտնի ամենից ճարպիկ ծառ մագլցողներին` կապիկներին:
Տեղի Կոկոսի մշակման վարչությունը նախատեսում է կապիկներին հատուկ վարժեցնել` հետագայում կոկոս հավաքելու գործին լծելու համար: Ըստ մարզիչների` դա նույնն է, ինչ տեղի փղերին գերան տեղափոխել սովորեցնելը: Կապիկների դեպքում, սակայն, նաև «սիրալիր բառեր» և «դրական խրախուսում» է նախատեսվում կիրառել: