Հովհաննես Թումանյանի քառյակներ - Հովհաննես Թումանյան - Գրականություն - Каталог статей - FOR YOU
Воскресенье, 2014-10-26,10:54 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Форма входа

HARCUM

Ինչ ժանրի ֆիլմ եք սիրում?
Всего ответов: 778




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » Գրականություն » Հովհաննես Թումանյան

    Հովհաննես Թումանյանի քառյակներ
    Հովհաննես Թումանյանի քառյակներ

    * * *

    Անց կացա՜ն…
    Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
    Ախ ու վախով, դարդերով
    Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

    * * *
    Վերջացա՜վ…
    Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
    Ինչ հույս արի` փուչ էլավ,
    Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

    1890
    —————————————————-

    * * *
    Հիմա բացե՜լ են հանդես
    Երգիչները իմ անտես.
    Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
    Ո՞վ է լսում հիմի ձեզ:

    * * *

    Ե՛տ չեկա՜վ…
    Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
    Անկուշտ մահին, սև հողին
    Գերի մնաց, ե՜տ չեկավ:

    * * *
    Ու՞ր կորա՜ն…
    Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
    Ինչքան լացի, ձեն ածի`
    Ձեն չտվին, լու՜ռ կորան:

    1916
    ————————————————————————-

    * * *
    Երկու դարի արանքում,
    Երկու քարի արանքում,
    Հոգնել եմ նոր ընկերի
    Ու հին ցարի արանքում:

    * * *

    Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
    Լիքն ակունքով հազարավոր.
    Իմ զայրույթը լիքն է սիրով,
    Իմ գիշերը` լիքն աստղերով:

    * * *

    Քանի՜ մահ կա իմ սրտում,
    Թափուր գահ կա իմ սրտում.
    Չէ՞ դու էլ ես մահացու.-
    Մահի ահ կա իմ սրտում:

    * * *

    Կյանքից հարբած անցավոր,
    Ահա դարձյալ անցավ օր,
    Դու վազում ես դեպի մահ-
    Մահը բռնում հանցավոր:

    * * *

    Ե՛տ եկե՜ք…
    Գարնան վարար գետ եկե՜ք,
    Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
    Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

    * * *

    Հին աշխարհքը ամեն օր
    Հազար մարդ է մտնում նոր,
    Հազար տարվան փորձն ու գործ
    Սկսվում է ամեն օր:

    * * *

    Զուր եմ փախչում, ինձ խաբում,
    Հազար կապ է ինձ կապում.
    Ամենքի հետ ապրում եմ,
    Ամենքի չափ տառապում:

    * * *
    Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
    Քանի օրվա հյուր ընկանք.
    Սերն ու սիրտն էլ երբ չկա`
    Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:

    * * *

    Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել, լույս տվել,
    Լույս տալով եմ սպառվել:

    * * *

    Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
    Նենգ ու դավ եմ տեսել ես,
    Տարել, ներել ու սիրել,
    Վատը` լավ եմ տեսել ես:

    * * *

    Երազումս մի մաքի
    Մոտս եկավ հարցմունքի.
    -Աստված պահի քո որդին,
    Ոն՞ց էր համը իմ ձագի…

    * * *

    Մնացել է բերդը մեզ,
    Հաղթանակի երթը մեզ.
    Անց են կացել` ով կային.
    Հիմի կգա հերթը մեզ:

    * * *

    Հոգիս` տանը հաստատվել,
    Տիեզերքն է ողջ պատել.
    Տիեզերքի տերն եմ ես,
    Ո՞վ է արդյոք նկատել:

    1917
    ————————————————————————-

    * * *

    Ո՜նց է ժպտում իմ հոգին
    Չարին, բարուն, ամենքին.
    Լույս է տալիս ողջ կյանքիս
    Ու էն ճամփիս անմեկին:

    * * *
    Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
    Հազար բանի ետև, սի՛րտ,
    Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
    Քեզ պես թափով, թե՛թև սիրտ:

    * * *

    Լինե՜ր հեռու մի անկյուն,
    Լինե՜ր մանկան արդար քուն,
    Երազի մեջ երջանիկ,
    Հաշտ ու խաղաղ մարդկություն:

    * * *

    Մի հավք զարկի ես մի օր.
    Թռա՜վ, գնաց վիրավոր:
    Թռչում է միշտ իմ մտքում
    Թևը արնոտ ու մոլոր:

    * * *

    Երկու շիրիմ իրար կից,
    Հավերժական լուռ գրկից,
    Թախծում են պաղ ու խորհում
    Թե` ի՜նչ տարան աշխարհքից:

    * * *

    Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
    Հեռվից անթիվ ձեռքերով.
    -Ջա՜ն, հայրենի անտառներ,
    Դուք եք կանչում ինձ ձեր քով:

    * * *

    Աշնան ամպին ու զամպին,
    Մոլոր նստած իմ ճմբին,
    Լոռու հանդում մի արտույտ
    Նայում է միշտ իմ ճամփին:

    * * *

    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
    Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
    Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

    1918
    ————————————————————————-

    * * *

    Մեռա՜ն, մեռա՜ն.. Եվ ահա,
    Խառնվել են կյանք ու մահ.
    Չեմ հասկանում աշխարհքի
    "Կան ու չկան” ես հիմա:

    * * *

    Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
    Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
    Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
    Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

    * * *

    Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
    Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
    Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
    Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

    * * *

    Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

    * * *

    Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,
    Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

    * * *

    Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
    Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
    Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
    Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

    * * *

    Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
    Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
    Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
    Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն:


    1919
    ————————————————————————-

    * * *

    Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,
    Տեղդ իմաց տուր` գտնեմ,
    Ման եմ գալիս էս մթնում
    Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:

    * * *

    Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-
    Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին,
    Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
    Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

    * * *

    Խայամն ասավ իր սիրուհուն. "Ոտքդ զգույշ դիր հողին,
    Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
    Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
    Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:

    * * *

    Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
    Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
    Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
    Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

    * * *

    Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
    Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,
    Էսպես Էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
    Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

    1920
    ————————————————————————-

    * * *

    Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
    Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
    Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
    Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:

    * * *

    Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
    Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
    Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
    Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

    * * *

    Արյունալի աղետներով, աղմուկներով ահարակու,
    Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու,
    Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
    Դեպ Արևելքն աստվածային` հայրենիքը իմ հոգու…

    * * *

    Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
    Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

    * * *

    Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
    Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

    * * *

    Ասի. "Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…”
    Երբ ճառագեց անծայրածիր Քո ժպիտը հոգուս դեմ.
    -Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
    Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու անես…

    * * *

    Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
    Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
    Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
    Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

    * * *

    Բարձր է հնոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ,
    Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նրա հետ-
    Անհաս բանից, սկզբանից, երբ չկան էլ դեռ չկար,
    Մինչև վախճանն անվախճանի քննում է դարե դար:

    * * *

    Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
    Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,-
    Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
    Ողջը Քո մեջ` անմա՜հ, անվերջ` Քեզ են երգում Քո ձենով…

    * * *

    Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ,
    Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
    Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,
    Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:

    * * *

    Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
    Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի:
    Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…
    Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

    * * *

    Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
    Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
    Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
    Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

    * * *

    Ամեն մի սիրտ ցավով լցվեց մեր դարում,
    Ցավոտ սրտով աշխարհ լցվեց մեր դարում.
    Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց բովանդակ
    Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:

    1921
    ————————————————————————-

    * * *

    Աղբյուրները հնչում են ու անց կենում,
    Ծարավները տենչում են ու անց կենում,
    Ու երջանիկ ակունքներին երազուն`
    Պոետները կանչում են ու անց կենում:

    * * *

    Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
    Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
    Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
    Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

    * * *

    Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սրտում,
    Էնքան տրտում կորած լավերն իմ սրտում…
    Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին`
    Երբ են փայլել ուրախ օրերն իմ սրտում:

    * * *

    -Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:
    Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:
    Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
    Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:

    * * *

    Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
    Անդարձ ու հին ճամփաներ,
    Ովքե՞ր անցան ձեզանով,
    Ո՞ւր գնացին, ճամփանե՛ր:

    * * *

    Հանգել են,
    Կրակներս հանգել են,
    Ցուրտ ու խավար էս գիշեր
    Ճրագներս հանգել են:

    * * *

    Չի գալիս,
    Ականջ եմ դրել չի գալիս,
    Ձեն եմ լսել էս ձորում,
    Կտրել է, էլ չի գալիս:

    * * *

    Մինչև էսօր իմ օրում
    Մարդ չեմ տեսել ես շորում.
    Մարդը մերկ է ու անինչ,
    Սիրտ ունի լոկ իր փորում:

    * * *

    Առատ կլնի կինը արդ,
    Կընկնի էգի կինը արդ,
    Կբարձրանա նրա տեղ
    Ազատ, անկախ կինը մարդ:

    * * *

    Ափսոս որ չես տեսնում բնավ
    Տագնապն հոգուս խոր ու վեհ…
    Հազար անգամ ափսոս ու ցավ,
    Որ պիտ տեսնես երբևէ:

    * * *

    Իմ ծիտիկը դու հերվան,
    Իմ եղնիկը էսօրվան,
    Վաղը ի՞նչ ես լինելու…
    Ես չեմ գտնում էնպես բան…

    * * *

    Նա մի առյուծ, ես մի գառ.
    Իմ սրտի հետ խելագար
    Անհավասար կռվի մեջ,
    Քարշ եմ գալիս ես տկար:

    * * *

    Կյանքն ահա.-
    Սնունդ, ծնունդ մինչև մահ.
    Մնացածը ողջ նրանց
    Կամ հաճույքն են և կամ ահ:

    * * *

    Մեր գանձերը միշտ կան առատ,
    Մեր հաճույքներն անվե՜րջ, անհատ,
    Չի հասկանում` ոնց վայելի,
    Դժգոհ է զուր ամեն մի մարդ:

    * * *

    Էնքան եկան, անցկացան,
    Ընկան, հանգան, անցկացան
    Երգ ու տաղս էլ ու՞ր տարան,
    Չկան, չքվան, անցկացան:

    * * *

    Թվում է հար, թե անցյալս ու ապագաս տեսած կամ,
    Առաջ ու ետ անհունությունն ողջ անպակաս տեսած կամ.
    Բայց ո՞նց հիշեմ ամեն տեսած, կամ եղածը հասկանամ,
    Եվ ……. անհուն, անհաս տեսած կամ:

    * * *

    Մանուկ օրից սար ու ձորին ես մնացի մոտ ընկեր,
    Աշխատանքի, հանգիստ օրին ես մնացի մոտ ընկեր,
    Հեռու ու մոտ սարի վրի եղբայրներիս ձեն տվի
    Ու էն ձենում մեզ բոլորիս ճանաչեցին մի ընկեր:

    * * *

    ՍԻ՛ՐՏ
    Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
    Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
    Դու գիտես ամենն ամենից առաջ,
    Քո խոսքն է օրենք ամեն օրենքի:

    * * *

    Մեր կյանքը կարճ մի վերելք,
    Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
    Ապրել անախտ, անցնել անհաղթ, հոգիանալ ու նորեն
    Նյութից զատված, անմեկ աստված վերադառնալ դեպ իրեն:

    * * *

    Ահա շիրիմն… իմ ընկերն էր…մի սովորութք ուներ նա,
    Գիշերն արթնում, լույս էր վառում, նստում` ժամը իմանա…
    Հե՜յ, ի՛նչ անմիտ խոսք է էսօր ժամը կողքին էս շիրմի…
    Հե՜յ, անուշ ջա՜ն, ի՜նչ ես հարցնում` ժամի քանիսն է հիմի…

    * * *

    Դու մի ճարպիկ մաքսանենգ ես, լոկ ճամփորդ ես ձևանում.
    Ու չես ասում` մեզնից քեզ հետ ինչ գանձեր ես դուրս տանում:
    Ինչ սիրող սիրտ, մարգրիտ վշտեր ու ինչ գոհար երազներ…
    Թե իմանան` քեզ կբռնեն մեր աշխարհքի սահմանում:

    * * *

    Ատում եմ քաղաքը` դատարկ ու շքեղ,
    Ծանր է գալիս ինձ` երկիրը ավեր,
    Տխուր ու դժար` բնությունը մեծ,
    Էլ ու՞ր մնամ ես սիրտս էլ ավեր…

    * * *

    Հե՜յ, Գրիշա՛, ի՛մ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես,
    Ու նավաբեկ, ու ցավաբեկ հեռվից իրար բերավ մեզ.
    Ե՛կ վայելենք էս բախտն անկարծ աղետալի մեր կյանքում,
    Քանի դեռ չենք պոկվել, բեկվել նոր հեռավոր հորձանքում:

    * * *

    Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սգավոր դու էսօր,
    Բայց ողջ ու վեհ քան երբևէ, թովիչ ու խոր դու էսօր,
    Եղբորդ մոտ եկած վշտոտ` տանջում ես նոր դու էսօր,
    Տանջանք անվերջ իմ սրտի մեջ ու սեր հզոր, դու էսօր:

    1922
    Категория: Հովհաննես Թումանյան | Добавил: ArMen (2012-01-18)
    Просмотров: 434 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email:
    Код *:

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх