Среда, 2024-04-24,4:32 AM
Приветствую Вас Гость | RSS

все для вас

Категории раздела

Форма входа

HARCUM

ձեր սեռը
Всего ответов: 628




  • скачать через торрент бесплатно большим скоростом
  • Каталог статей

    Главная » Статьи » GITUTYUN » ASTXAGITUTYUN

    Աստղադիտակ և աստղադիտարան
    Աստղադիտակ և աստղադիտարան


    Աստղադիտակով հեռավոր առարկաները դիտելիս՝ դրանք թվում են մոտիկ և մեծացված: Աստղադիտակը հավաքում է լույսը և ձագարի նման ուղղում դիտորդի աչքի մեջ՝ հնարավորություն տալով տեսնել անզեն աչքով անտեսանելի առարկաները: Գոյություն ունեն տարբեր աստղադիտակներ՝ ամենապարզից՝ ձեռքում պահվող ոչ մեծ դիտակից, մինչև հատուկ կառույցներում` աստղադիտարաններում, տեղակայված վիթխարի աստղադիտակները:
    XVII դարի ակնոց պատրաստող դանիացի ապակեգործները հնարեցին դիտակը: Համարվում է, որ առաջին աստղադիտակը ստեղծել է պատվերով ակնոց պատրաստող հոլանդացի Հանս Լիպերսգեյը 1608 թ-ին: Դրա հիմնական մասը ոսպնյակն էր: Իսկ մինչ այդ դիտորդ-աստղագետների գործիքը  սեքստանտն էր՝ աստղադիտական անկյունաչափ սարքը:
    Արդեն 1609 թ-ին ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը իտալական Պադուա քաղաքում իր ձեռքերով պատրաստեց նույնպիսի մի դիտակ և այն ուղղեց դեպի աստղալից երկինք: Գալիլեյի դիտակը մեծացնում էր ընդամենը 3 անգամ, սակայն դրա օգնությամբ գիտնականը  բազմաթիվ նոր աստղեր տեսավ և այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռ չէր տեսել:
    Ի վերջո, Գալիլեյին հաջողվեց պատրաստել 32 անգամ մեծացնող աստղադիտակ, որով նա շատ հայտնագործություններ կատարեց Լուսնի, Արեգակի և մոլորակների վերաբերյալ:
    1671 թ-ին Նյուտոնը ստեղծեց անդրադարձումային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր, որտեղ, ի տարբերություն ռեֆրակտորի, օբյեկտիվի ոսպնյակը փոխարինված էր գոգավոր հայելիով: 
    Աստղադիտակները, որոնք հավաքում են լույսը, կոչվում են օպտիկական: Պարզագույն ռեֆրակտորը կազմված է խողովակից և դրա ծայրերում դրված 2 ոսպնյակներից: Առաջին ոսպնյակը՝ օբյեկտիվը, հավաքում է հեռավոր առարկայից եկող լույսը և դրա ճառագայթները կենտրոնացնում միատեղ՝ առարկայի պատկերը ստանալու համար: Այդ պատկերը մեծացվում է երկրորդ ոսպնյակով՝ օկուլյարով, որի միջով մենք դիտում ենք հեռավոր առարկան:
    Աստղադիտակ-ռեֆլեկտորում լույսը հավաքվում է թասաձև գոգավոր հայելու օգնությամբ: Գլխավոր հայելին հավաքում է լույսը մեկ այլ, ոչ մեծ հայելու մեջ, որն այն անդրադարձնում է օկուլյարի մեջ: 
    Որքան մեծ է աստղադիտակի գլխավոր հայելին կամ ոսպնյակը, այնքան ավելի շատ լույս է հավաքում, և այնքան ավելի թույլ օբյեկտներ է հնարավոր դիտել նրանով: Մթնոլորտի գետնամերձ շերտում կատարվող տարբեր երևույթներ հաճախ խանգարում են ստանալ այն ամբողջ տեղեկությունները, որոնք կարող է աստղադիտակը տալ: Ուստի հաճախ  հարկ է լինում աստղադիտարանները կառուցել բարձր լեռներում կամ տեղադրել Տիեզերք ուղարկվող սարքերի վրա: 1971 թ-ին ԽՍՀՄ «Սալյուտ-1» ավտոմատ ուղեծրակայանի, 1973 թ-ին «Սոյուզ-13» օդաչուավոր տիեզերակայանի վրա տեղադրվել են ՀՀ Գիտությունների ակադեմիայի Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի գլխավորությամբ պատրաստված «Օրիոն-1» և «Օրիոն-2» աստղաֆիզիկական աստղադիտակները, որոնք նկարահանումներ են կատարել բաց Տիեզերքում, գրանցել մի քանի հազար աստղերի կարճալիք սպեկտրները:  1990 թ-ին արձակված ամերիկյան «Շաթլ» տիեզերական ապարատը Երկրի ուղեծիր դուրս բերեց «Հաբլ» տիեզերական աստղադիտակը, որի ստացած պատկերները շատ ավելի հստակ են, քան Երկրի մակերևույթին տեղադրված աստղադիտակներով ստացվողները: Այդ աստղադիտակը երկար ժամանակ աշխատեց Տիեզերքում:
    XIX դարի կեսից աստղադիտակները սկսել են հանդերձել լրացուցիչ  սարքերով՝ աստղերն ու մոլորակները լուսանկարելու, դրանց գույնը, պայծառությունը, շեղումն ու քիմիական բաղադրությունը որոշելու համար: Գիտնականները սովորել են հաշվարկել հեռավոր աստղերի ջերմաստիճանները, չափերն ու զանգվածը, դրանց հեռավորությունը Երկրից: Այդ ամբողջ աշխատանքը կատարվում է աստղադիտարաններում, որոնց աշտարակների գմբեթը կարող է պտտվել: Եթե գմբեթում տեղադրված աստղադիտակն ուղղվում է դեպի ընտրված աստղը, և համակարգիչով կարգավորվում է հետևող համակարգի մեխանիզմը, ապա աստղադիտակն ինքն է սկսում հետևել աստղին՝ նրա օրական շարժման ուղղությամբ: Իսկ աստղադիտակի սարքերը լուսանկարչական թիթեղի կամ ժապավենի վրա ինքնուրույն դրոշմում են այն ամենը, ինչ կատարվում է աստղի հետ:
    Արդեն ավելի քան 6 տասնամյակ աստղադիտարանների տարածքում սկսել են կառուցել ցանցավոր հսկա անտենաներ՝ ռադիոաստղադիտակներ: Օր ու գիշեր դրանք հետևում են երկնային մարմիններից մեզ հասնող էլեկտրամագնիսական բազմազան ճառագայթումներին:
    Ամենամեծ ռադիոաստղադիտակը գտնվում է Պուերտո Ռիկոյում՝ Կարիբյան ծովի կղզիներից մեկում, և ունի 300 մ տրամագիծ, իսկ ամենահզոր աստղադիտակը ԱՄՆ-ում գտնվող գերերկար հիմքով (բազայով) ռադիոաստղադիտակների համակարգն է (ռադիոինտերֆերոմետր): Այն կազմված է 10 թասաձև անտենաներից, որոնք տեղակայված են 8000 կմ երկարությամբ ուղիղ գծով: Ամենամեծ օպտիկական աստղադիտակը՝ Կեկի աստղադիտակը, գտնվում է Հավայան կղզիներում, ունի 10 մ տրամագծով հայելի և կշռում է 270 տ: 
    ՀՀ-ում է գտնվում աշխարհում առաջին՝ նոր տեսակի ռադիոօպտիկական աստղադիտակը՝ Հերունու հայելային աստղադիտակը: Այն տեղակայված է Արագած լեռան փեշերին՝ Օրգով գյուղի մոտակայքում: 54 մ ռադիոհայելու և 2,6 մ օպտիկական հայելու տրամագծերով այս սարքը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեզանից առավել հեռավոր գալակտիկաները, տեղեկություններ ստանալ միջաստղային նյութի և աստղերում առաջացող հզոր բռնկումների մասին:


    Աստղադիտարանների ստեղծման պատմությունից
     Աստղադիտարաններ գոյություն ունեցել են դեռևս Հին աշխարհում` Բաբելոնում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Մեքսիկայում: Գիտնականներն ապացուցել են, որ Հայաստանում մեզանից 7500 տարի առաջ գործել է Քարահունջի աստղադիտարանը, իսկ 5000 տարի առաջ` Մեծամորի աստղադիտարանը: Ավելի քան 4500 տարի առաջ ժամանակակից Մեծ Բրիտանիայի տարածքում կառուցվել է Սթոունհենջը, որն օգտագործվել է նաև որպես աստղադիտարան: Այդ ժամանակներում բաբելացիները գիշերային երկինքը դիտում էին արտաքինից աստիճաններ ունեցող բրգաձև աշտարակներից: Կարծիք կա, որ որպես աստղադիտարան են գործել նաև Եգիպտական բուրգերը:
    Արդի աստղադիտարանների պատմությունն սկիզբ է առնում XVII դարից, երբ աստղագիտական դիտումների համար սկսեցին օգտագործել աստղադիտակներ: Այժմ աշխարհում գործում են 500-ից ավելի աստղադիտարաններ: Խոշորագույններից են Մաունթ Պալոմարի, Մաունթ Վիլսոնի, Մաունթ  Կիի, Կիտ Պիկի, Լիկի (ԱՄՆ), Վերին Պրովանսի (Ֆրանսիա), Տաուտենբուրգի և Բերգեդորֆի (Գերմանիա), Օնդրժեյովի (Չեխիա), Պուլկովոյի (Ռուսաստան), Ղրիմի (Ուկրաինա) աստղադիտարանները: Աստղագիտական խոշոր կենտրոն է ՀՀ Բյուրականի աստղադիտարանը:
    Категория: ASTXAGITUTYUN | Добавил: ArMen (2012-01-06)
    Просмотров: 1957 | Комментарии: 1 | Рейтинг: 3.7/3
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    Поиск

    Мини-чат

    200

    Hravirir @nkernerit


    Вверх